ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

    

 

 

Մեղրաձորի  միջնակարգ  դպրոցի  և  Երևանի  Խ. Աբովյանի  անվան  պետական  մանկավարժական  համալսարանի  միջև  ստորագրված  համագործակցություն  հուշագրի  շրջանակներում,  օրերս  դպրոց  էին  այցելել  համալսարանի  հնագիտության  ամբիոնի  վարիչ,  պատմական  գիտությունների  դոկտոր- պրոֆեսոր  Աշոտ  Փիլիփոսյանը,   հայ  ժողովրդի  պատմության  ամբիոնի  դասախոս,  պատմական  գիտությունների  թեկնածու  Մարիամ  Եղոյանը   և   ՀՀ մշակույթի  նախարարության հուշարձանների  պահպանության  գործակալության  աշխատակից,   հնեաբան  Արթուր  Պետրոսյանը:

Հաճելի  զուգադիպությամբ   նույն  օրը  դպրոցում  էին  նաև  պատմական  միջավայրի  պահպանության  Կոտայքի  մարզային  ծառայույան  պետ՝  Կ.  Հակոբյանը,  տեղակալ՝  Ա.  Կիրակոսյանը  և  հուշարձանների  պահապան  Ա.  Մադոյանը:

Հյուրերը,  նախ  մասնակցեցին  հայոց  բանակի  կազմավորման  26-րդ  տարեդարձին  նվիրված  միջոցառմանը,  ապա  մանկավարժների  ու  բարձր  դասարանցիների  համար  կարդացին  զեկուցումներ  նվիրված   Հայաստանի  ու  Արցախի  հնագույն  բնակավայրերին,  պատմական  հուշարձաններին,  դրանց  պահպանության  ու  վերականգնման  խնդիրներին:

Ներկաների  համար   առավել  հետաքրքրական  էր  Մեղրաձորի  տարածքում  առկա  հնագույն   դամբարանադաշտի /մ.թ.ա  XIII-XII դդ/  վերաբերյալ  արժեքավոր  տեղեկությունները:

Փոխգործակցության  ժամանակացույցի  համաձայն   2018թ  ապրիլին  բարձր  դասարանցիները պատմության  ուսուցչուհի  Աննա  Հովհաննիսյանի  ղեկավարությամբ  կայցելեն  մանկավարժական  համալսարան: